2019 թվականի մարտի 4-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող ամենախոշոր աջակցության ծրագիրը՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA): Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում ու իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից (2 միլիոն եվրո), որն իր հերթին հանդիսանում է Ավստրիական զարգացման համագործակցության գործառնական միավորը: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագիրը մասամբ իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԱԶԳ-ի Միջազգային ֆինանսավորման բաժնի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը և ՄԱԶԾ-ի Մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան: «Մենք ուրախ ենք օժանդակելու Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության ծրագրին: Այն հաստատում է Եվրոպական միության՝ ավելի քան հինգ տարվա նվիրվածությունը օժանդակելու Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին: Դրա ապավենն են նախկին ENPARD և ՕԳԱՆ ծրագրերը, որտեղ մենք նույնպես շատ հաջող համագործակցություն ենք ունեցել Ավստրիական զարգացման գործակալության հետ: EU-GAIA ծրագիրը համահունչ է մեր ընդհանուր նպատակին՝ նպաստելու Հայաստանի հյուսիսային մարզերի համընդհանուր և համաչափ ներառական զարգացմանը կանաչ գյուղատնտեսության խթանման և տեղական արտադրանքի հավելյալ արժեքի ավելացման միջոցով», - ասաց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

Միջոցառումը տեղի ունեցավ ՀՀ Կառավարության, համայնքների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ագրոբիզնեսի, լրատվամիջոցների և Հայաստանի տարբեր մարզերի արտադրողների և ֆերմերների ներկայությամբ: Ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ով, մասնավորապես, նշել է. «Այս ծրագիրը համապատասխանում է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարությանը, որն ունի ընդհանուր տեսլական` մշակել գիտահեն, բարձր արդյունավետությամբ աշխատող մրցունակ գյուղատնտեսություն, որը կբերի հավելյալ արժեք և նորարարություն, կընդլայնի Հայաստանի Հանրապետության տնտեսության մրցունակությունը և կխթանի տնտեսական աճը»:

Փոխնախարարի խոսքով` գյուղատնտեսությունը պետք է դիտվի ոչ թե որպես զբաղմունք ֆերմերների համար, այլ որպես եկամտաբեր բիզնես: «Պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի ստեղծենք կայուն միջավայր նոր գյուղատնտեսական բիզնեսների բարգավաճման համար, որպեսզի վերջիններս դառնան նաև այն քարշակ ուժը, որը բիզնեսը կտանի այս ուղղությամբ», - ընդգծել է նա:

 

Հայաստանում գյուղատնտեսությունը հանդիսանում է զբաղվածության հիմնական աղբյուր և կազմում է ՀՆԱ-ի մոտ 15%-ը: Երկիրն ունի կանաչ և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մեծ ներուժ, որը զգալիորեն կարող է նպաստել գյուղական կենսակերպի բարելավմանը: «Ավստրիան հաջողված պատմություն է ունեցել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման հարցում: Նախկին ՕԳԱՆ ծրագրի միջոցով ավելի քան 45 ֆերմերներ և արտադրողներ կարողացան ավելացնել եկամուտները արտադրական հզորությունների բարելավման և շուկաների հասանելիության շնորհիվ: Այժմ մենք շարունակում ենք Եվրոպական միության հսկա օժանդակությամբ աջակցել հայ ֆերմերներին կանաչ և օրգանական գյուղատնտեսության զարգացման ոլորտում: Մենք ձգտում ենք ապահովել բնական ռեսուրսների օպտիմալ օգտագործումը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը: Մենք նաև խիստ ուշադրություն ենք դարձնում գյուղատնտեսության մեջ ներառական մոտեցման ապահովմանը, ինչը նշանակում է, որ հատուկ ուշադրություն կդարձվի խոցելի խմբերին, այդ թվում նաև կանանց», - ասաց Ավստրիական զարգացման գործակալության Միջազգային ֆինանսավորման բաժնի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

 

«Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի Կառավարության, ԵՄ-ի, ԱԶԳ-ի և ՄԱԶԾ-ի միջև գերազանց և ռազմավարական գործընկերությունը, ինչի շնորհիվ հնարավորություն ընձեռնվեց ներգրավվել Կանաչ գյուղատնտեսության ծրագրում: Մենք վստահ ենք, որ այս կարևորագույն ծրագիրը հաջողությամբ կիրականացնենք, քանի որ գործելու ենք համագործակցության և գործընկերության կայուն մթնոլորտում», - ասաց ՄԱԶԾ Մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան։ ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագրի մասին ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագիրը առաջիկա 3 տարիների ընթացքում կաջակցի կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես Հայաստանի հյուսիսային մարզերում (Լոռի, Տավուշ և Շիրակ): Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,7 միլիոն եվրո: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինի համապատասխան պետական կառույցներին տեխնիկական աջակցությունը և շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացումը` կանաչ, ներառական և իրավահեն գյուղատնտեսության զարգացում ապահովելու համար: Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է անմիջականորեն ֆերմերներին, արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով տեխնիկական աջակցության տրամադրումը: Կստեղծվեն ցուցադրական տարածքներ՝ ժամանակակից ենթակառուցվածքներից և կանաչ տեխնոլոգիաներից օգտվելու նպատակով: Տրամադրված սարքավորումների և ծառայությունների շնորհիվ ընտրված գյուղատնտեսական արտադրողները/ ագրոբիզնեսները կլինեն ավելի մրցունակ տեղական և միջազգային շուկաներում: Սա նաև կհանգեցնի գյուղական վայրերում զբաղվածության ավելի լավ պայմանների ստեղծմանը: Եվրոպական միության մասին Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:
  • ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ
  • +374 60 655 955; +374 93 144 635
  • gaia@ada.gv.at
  • European Union-GAIA Armenia

© — 2024 — Ավստրիական զարգացման գործակալություն: Բոլոր իրավունքները պաշտպանված են. Արտոնագիր՝ Եվրոպական միություն

Design & development by G Design Group