2022-03-01 13:44:59
274
Փետրվարի 19-ին Սիներջի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Կանաչ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի չորրորդ փուլի եզրափակիչը։ Նպատակն էր բացահայտել տարբեր նորարարական գաղափարներ, որոնք կլուծեն գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները ավելի արագ, պարզ և արդյունավետ կերպով։
Միջոցառումն անցկացվել է Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
Միջոցառմանը ներկա էին գյուղատնտեսության ոլորտի առաջատար կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների, ներդրումային ընկերությունների և ագրոտեխնոլոգիական ստարտափների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Օրվա ընթացքում մասնակից 8 թիմերը ներկայացրեցին իրենց վերանայված նախագծերը և ընտրվեցին լավագույն 3-ը։
Առանձին ելույթներով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, IntelinAir-ը, INC ինժեներական թիմի ղեկավար Արմեն Խաչիկյանը, MiCoFe-ի համահիմնադիր և AgriTech Startup Clash 2021 մրցանակակիր Լիանա Վանյանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը բացման խոսքում նշեց. «Եվրոպական միությունը նպատակ ունի խթանել նորարարությունը անվտանգ և կայուն արտադրության համար, բարձրացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը: Մենք հավատարիմ ենք աջակցելու ցանկացած նախաձեռնության, որը կխթանի ԵՄ Կանաչ գործարքի սկզբունքները: ՏՏ ոլորտի և գյուղատնտեսության միջև կապը խթանելով՝ մենք շարժում կստեղծենք Հայաստանի ոլորտը արդիականացնելու ուղղությամբ: Այսօր Եվրոպական միությունը միավորում է տեղական համայնքները, քաղաքացիական հասարակությունը, բիզնեսը և կրթությունը, քանի որ մենք իսկապես մտածում ենք փոխել մեր արտադրության և սպառման ձևը: Հետևաբար, մենք աջակցում ենք այս «Կանաչ ագրոտեխնոլոգիական մրցույթի» պես նախաձեռնություններին՝ հավաստիանալու, որ բոլորին հասանելի կլինի բավարար, անվտանգ, սննդարար, կայուն սնունդ:
Մենք վստահ ենք, որ այս մրցույթը կբարելավի Հայաստանում արագ տեմպերով զարգացող նորարարությունների ոլորտը և տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից ֆերմերներին կդարձնի առավել հմուտ:
ԵՄ-ն խթանում է գիտահետազոտական ոլորտը, որն ընդգրկում է կենսաբանական գործընթացների, սննդի շղթայի նորարարությունների, ինչպես նաև թվային տնտեսության կիրառման և հեռակառավարման տվիչների տեխնոլոգիայի թեմաների մի լայն շրջանակ: Սա պահանջում է ավելի շատ կենտրոնացում կենսաբանական գործընթացների վրա, որոնք նպաստում են ֆերմերների աջակցման համար նոր գործիքների մշակմանը: Որպես այդպիսին, ԵՄ-Հայաստան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում նպաստում է կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանը»։
«Մրցույթը կօգնի ստեղծել սոցիալական ազդեցություն, նպաստել Հայաստանի տնտեսության կանաչ զարգացմանը։ Ավստրիայում մենք հավատում ենք գյուղատնտեսության ոլորտի կայուն առաջընթացին և ցանկանում ենք օգնել Հայաստանին նորամուծությունների միջոցով գնալ դեպի «կանաչ» տնտեսություն: Մենք նաև կարևորում ենք մասնավոր ներդրողների մասնակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի և շրջանաձև տնտեսության զարգացման հարցում», - նշել է Ավստրիայի Հանրապետության դեսպանատան տեխնիկական համագործակցության համակարգման գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը։
Կանաչ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի մրցույթն իրականացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) հիմնադրամի և «Nation in Action» ՀԿ-ի կողմից։